AM
17 Օգոստոս 2012 - 12:30 AMT

12 բազեականներ այսօր մկրտվել են «Կեչառիս» վանական համալիրում

Օգոստոսի 17-ի առավոտյան «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցներն օրհնություն ստացան «Կեչառիս» վանական համալիրում։ Նրանցից 12-ը մկրտվեցին։

Ինչպես հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, «Կեչառիս» վանական համալիրի հոգևոր սպասավոր, Ծաղկաձորի հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը կարծում է, որ պետությունը չի կարող գոյատևել առանց առողջ երիտասարդության։ «Եկեղեցին նույնպես չի կարող կյանք ունենալ առանց քրիստոնյա, հավատացյալ երիտասարդների։ «Բազե» երիտասարդական հավաքում երբեք չի անտեսվում եկեղեցին։ Հոգևոր դասը միշտ գրկաբաց ընդունում է նման միջոցառումները և փորձում իր անմիջական մասնակցությունն ունենալ, իր խոսքն ասել երիտասարդին, որպեսզի նա միշտ գիտակցի, որ եկեղեցի-պետություն ճիշտ փոխկապակցության մեջ է ներդաշնակություն ստեղծվում, և պետությունը կարող է իրապես ապագա ունենալ երկուսի ճիշտ համադրության դեպքում»,- նշեց տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը։

«Բազե» երիտասարդական հավաքում շարունակվում են մշակութային և մարզական մրցույթները։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անվանի մարդիկ՝ Արամ Սաթյան, Զառա Տոնիկյան, ով կարճ ժամանակով լինելով Հայաստանում, մեծ սիրով համաձայնել է ընդգրկվել «Բազեի» ժյուրիի կազմում, Էդգար Գյանջումյան, Արամ Սուքիասյան, Արամ Նիկոլյան , Հրաչ Բադալյան և այլն։

«Բազե-երգ» մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Սաթյանը բարձր է գնահատում երիտասարդների կատարողական արվեստը, հատկապես եթե հաշվի առնենք, որ սա պրոֆեսիոնալ կատարողների մրցույթ չէ, և հավաքի մասնակիցները տարբեր ոլորտներում մասնագիտացած երիտասարդներ են։ «Բավականին դժվար է առանձնացնել որևէ մեկին։ Ես ափսոսում եմ, որ այս երեխաներից շատերը երգարվեստում չեն շարունակելու իրենց գործունեությունը։ «Բազեում» առաջին անգամ եմ։ Ինձ շատ ոգևորում է այստեղ տիրող համախմբվածությունը։ Մեր ժողովրդին դա շատ է պակասում։ Մենք պետք է հասկանանք, որ բոլորս էլ անում ենք մի գործ. այդ գործը պետությունը շենացնելն է, ազգային մտածողությունը զարգացնելը»,- նշում է Արամ Սաթյանը։

«Բազե» երիտասարդական հավաքում, բացի մրցութային միջոցառումներից, անցկացվում է նաև մշակութային ծրագիր։ Մասնակիցները սովորում են ազգային պարեր, դիտում հայկական արտադրության ֆիլմեր, հանդիպումներ են ունենում հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների, հոգևորականների հետ։