«Եվրոթերմ» ՓԲԸ-ն հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ ընկերությանը պատկանող «Նոյան» գործարանի աշխատակիցներին ամիսներ շարունակ աշխատավարձ չի վճարվում:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ 16.08.12 թ. «Հրապարակ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ մի քանի ամիս է՝ «Նոյան» գործարանի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, ուղղակի հերյուրանք է։ Մեր խորին համոզմամբ, թերթի խմբագրությունը պարտավոր էր վերստուգել ստացված տեղեկատվությունը եւ միայն դրանից հետո տարածել այն լրատվական աղբյուրներով», – նշված է «Եվրոթերմ» ՓԲԸ-ի հայտարարության մեջ։
«Եվրոթերմ» ընկերությունը անդրադարձել է նաեւ կայքերից մեկում տեղ գտած մեկնաբանությանը, թե «Հայաստանում սահմանամերձ գոտում ներդրումներ կատարելու դեպքում ներդրողը ստանում է անվճար աշխատուժ ու ազատվում է հարկային պարտավորություններից»:
«Ինչ վերաբերվում է ցինիկաբար արտահայտված այս կարծիքին, որն, ըստ էության, վերաբերվում է Արմավիրի մարզի Վանանդ համայնքում մոտ օրերս շահագործման հանձնվող «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանին, ապա պետք է նշենք, որ այն բերված է բիզնես ոլորտից հեռու եւ դրամական հոսքերից անտեղյակ անձնավորության կողմից: Տպավորություն է ստեղծվում, որ սա ինչ-որ մեկի չար կատակն է՝ ուղղված ընկերության գործունեության դեմ», – նշված է հայտարարության մեջ։





