ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզում ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՏԿՆ լրատվական ծառայությունից, Շիրակում արդեն ավարտվել են ծրագրի առաջին և երկրորդ փուլերը: Երրորդ փուլը մեկնարկել է հունիսից, որի շրջանակում 29 համայնքում կիրականացվի 41 ծրագիր: Ծրագրի երեք փուլերով մարզին ընդհանուր առմամբ հատկացվել է 3 մլրդ 960 մլն դրամ:
Փոխվարչապետը մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղեկցությամբ այցելել է Սառնաղբյուր համայնք, որտեղ գյուղամիջյան ճանապարհի նորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 45 մլն դրամ: Աշխատանքներն արդեն ավարտվել են, վերանորոգվել է 1,8 կմ գյուղամիջյան ճանապարհ: Երրորդ փուլով 52 մլն դրամ է հատկացվել նաեւ Վարդաքար համայնքը հանրապետական նշանակության ճանապարհին կապող 1,2 կմ հատվածի նորոգման համար, որի աշխատանքները եւս ավարտված են:
Արթիկ համայնքում փոխվարչապետը ծանոթացել է համայնքի երաժշտական դպրոցի վերանորոգման ընթացիկ աշխատանքներին, որի համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 32 մլն դրամ:
Արմեն Գևորգյանը Գյումրիում այցելել է «Մուշ-2» թաղամաս. այստեղ արդեն ավարտվել են թաղամասը Բուլվարային փողոցին կապող ճանապարհահատվածի վերանորոգումը եւ նորակառույց դպրոցի շինարարությունը: Այն նախատեսված է 1080 աշակերտի համար եւ ապահովված է անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: ՀՀ պետական բյուջեից դպրոցի կառուցման համար հատկացվել էր 2 մլրդ 59 մլն դրամ, իսկ ճանապարհահատվածի վերանորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 500 մլն դրամ:
Փոխվարչապետի այցն ավարտվեց մարզպետարանում հրավիրված խորհրդակցությամբ, որի ժամանակ քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի կատարմանը վերաբերող եւ ընթացիկ այլ հարցեր:





