AM
17 Օգոստոս 2012 - 14:19 AMT

Անձնագրային բաժին մտնելու համար հատուկ «դրեսս կո՞դ» է պետք

Երեկ առավոտյան Դավթաշենի անձնագրային բաժնում Գևորգ Գորգիսյանին, ով եկել էր ստանալու իր անձնագիրը, թույլ չեն տվել ներս մտնել `պատճառաբանելով, որ վերջինս շորտով է, իսկ պատին էլ փակցված է համապատասխան գրություն, ըստ որի, սպորտային զգեստով ներս մտնել չի թույլատրվում:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը: Նա պատմեց, որ վիճել է անձնագրային բաժանմունքի աշխատակիցների հետ և ասել է, որ ոչ մի տեղ չի հեռանա, մինչև որ չստանա իր անձնագիրը, քանի որ պահանջվող «դրեսս կոդը» որևէ օրենքով սահմանված չէ:

Այնուհետև Գորգիսյանին է մոտեցել ոստիկանության լեյտենանտը և խնդրել է հեռանալ, սակայն տեսնելով, որ նա չի պատրաստվում հեռանալ, կանչել է ոստիկանության բաժնի պետին, որի հետ երկար վեճ է տեղի ունեցել. «Փորձում էի ոստիկանին բացատրել, որ եթե չկա համապատասխան օրենք այն մասին, թե ինչ պետք է հագնի քաղքացին, երբ այցելում է անձնագրային բաժին, որևէ մեկն իրավունք չունի ստիպել այս կամ այն կերպ հագնվել, դա պարզապես իրենց քմահաճույքն է», – ասաց Գևորգ Գորգիսյանը:

Պարզվում է, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, երբ անձնագրային բաժնում նման միջադեպ է գրանցվում: Այն բանից հետո, երբ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արման Ղարագուլյանին թույլ չէին տվել մտնել բաժանմունք, նա սոցիալական ցանցերից մեկում պահանջել էր հիմնավորել անձնագրային բաժանմունքի աշխատակիցների որոշումը: «Դեպքից հետո ոստիկանությունից արձագանքեցին և խոստացան հեռացնել «դրեսս կոդ» պահանջող գրությունները անձնագրային բաժանի պատերից: Որոշ ժամանակ անց նորից առիթ եղավ ու գնացի բաժին: Մտածում էի դրանք պոկած կլինեն: Ոնց կար այդպես էլ մնացել էր», -ասաց Արման Ղարագուլյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանն ասաց, որ նման օրենք, ըստ որի անձնագրային բաժնի այցելելու համար քաղաքացիները հատուկ զգեստով պետք է լինեն, չկա և իրենք տեղյակ չեն, որ անձնագրային բաժիններում նման վեճեր են եղել: