«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ պաշտոնապես չի արձագանքում Մասիսի միջադեպին: Ինչպես հայտնում է «Հայոց աշխարհ» թերթը, Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ և կվերադառնա առաջիկա օրերին: Մինչ այդ, կուսակցությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնում կատարվածի առիթով:
Մասիսի քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ ներկայացուցիչ Ավետիք Դալլաքյանի որդին, որն անցած շաբաթ ձերբակալվել էր իր տան շրջակայքում հնչած կրակոցների առնչությամբ, շաբաթ օրը կալանավորվել է:
Դատարանը բավարարել է 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանավորումն ընտրելու` մեղադրող կողմի միջնորդությունը: Նույն գործով ձերբակալված երկրորդ անձի` 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանի խափանման միջոցը ևս ընտրվել է կալանավորումը:
Ոստիկանության պաշտոնական վարկածով, միջադեպի պատճառը եղել է Դալլաքյանի տան դիմաց կայանված ավտոմեքենայի անիվը դիտավորությամբ ծակելը, որից հետո թեկնածուի որդին իրեն պատկանող որսորդական հրացանից Համբարձում Հովհաննիսյանի ուղղությամբ արձակել է 2 կրակոց, Հովհաննիսյանը փախել է, իսկ կես ժամ անց վերադարձել և «Մակարով» տիպի պնևմատիկ ատրճանակից կրակոցներ արձակել նույն ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել այն:





