2004 թվականի հոկտեմբերի 21-ից գործող թեժ հեռախոսագծին (56 42 97), որով քաղաքացիները կարող են հաղորդել «Եհովայի վկաները» կրոնական կազմակերպության կողմից իրենց իրավունքների խախտման փաստերի մասին, հաջորդ շաբաթվանից կավելանա եւս մեկը` 56 35 49: Այդ մասին հաղորդել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա աշնանը տարբեր քաղաքական եւ հասարակական ուղղվածության շուրջ 40 երիտասարդական կազմակերպություններ նախաձեռնել էին նշված թեժ հեռախոսագծի ստեղծումը, քանի որ մտահոգված են մարդու իրավունքների խախտման փաստերով «Եհովայի վկաները» կրոնական կազմակերպության եւ որոշ այլ կրոնական շարժումների գործունեության արդյունքում: Մասնավորապես հիշատակվում են երեխաների իրավունքների խախտումները, ինքնասպանության դեպքերը, հայ քրիստոնեական խորհրդանիշների (սրբապատկերներ, խաչքարեր եւ այլն) պղծումը: Միեւնույն ժամանակ, ըստ Աշոտյանի, «թեժ գիծը» դեռեւս արդյունք չի տալիս, քանի որ մարդիկ քիչ են տեղեկացված դրա մասին:





