AM
23 Օգոստոս 2012 - 10:14 AMT

Քաղաքապետը համամիտ է գլխավոր դատախազի հետ. Զանգվածային միջոցառումների վերահսկողությունը պետք է ուժեղացվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օգոստոսի 2-ի հաղորդմանը, որը վերաբերում էր զանգվածային միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման հիմնախնդիրների կանոնակարգմանը:

Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է իրենց լիազորությունների սահմաններում ուժեղացնել հսկողությունը` համանման դեպքերը հնարավորինս բացառելու համար:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը նշում է, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների բռնկման հարցով քաղաքապետարանում կազմակերպվել է քննարկում, որի արդյունքներով Երեւանի վարչական շրջանների եւ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով եւ այլ իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների սահմաններում համանման դեպքերը հնարավորինս բացառելու համար անհրաժեշտ գործառույթների իրականացման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու եւ համապատասխան պետական մարմինների հետ համագործակցություն ապահովելու համար:

«Միաժամանակ համակարծիք ենք, որ խնդիրն ունի լրացուցիչ իրավական կարգավորման անհրաժեշտություն եւ մինչեւ համապատասխան իրավական ակտերի ընդունումը Երեւանի քաղաքապետարանը հետեւողականորեն շարունակելու է իր իրավասության շրջանակներում պատշաճ հսկողության իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ: