AM
23 Օգոստոս 2012 - 12:32 AMT

Արսեն Գասպարյան. Մուտքը արգելոց և ազգային պարկ կարող է վճարովի դառնալ

Արգելոց և ազգային պարկ մուտքի համար կարող են գումար սահմանել: Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին նոր օրինագծում այդպիսի կետի առկայության մասին հաղորդեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը: «Սա այն կետերից է, որոնք վիճելի են և քննարկման կարիք ունեն: Այդ թվում նոր օրինագծում արգելվում է հանքերի շահագործումը բաց եղանակով, բայց փակ եղանակով շահագործման մասին խոսք անգամ չկա: Նշանակում է այդ տարբերակը չի բացառվում: Մենք էկոտուրիզմի զարգացման խնդիր ունենք, բայց դա էլ պետք է հստակ սահմանված լինի կոնկրետ տարածքների համար, որովհետև, մասնավորապես, արգելոցներում մեծ քանակությամբ զբոսաշրջիկների ներկայությունն առհասարակ ցանկալի չէ»,- շեշտեց նա:

Արսեն Գասպարյանը հայտնեց նաև, որ բնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող օտարվել, մինչդեռ նոր օրինագծով թույլատրվում է վարձակալել տարածքը պայմանով, որ այնտեղ միայն էկոլոգիապես մաքուր արտադրություն է իրականացվելու: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահը պարզաբանեց, որ արգելոցներում մարդու միջամտությունը բացարձակ արգելվում է, բայց օրինագծով թույլատրվում է կառուցել հակահրդեհային ճանապարհներ: Իսկ արգելավայրերի հիմնական նպատակը կարմիր գրքում ընդգրկված կամ էնդեմիկ համարվող կենդանատեսակների և բուսատեսակների պահպանությունն է, և այդ վայրերում որսորդությունն ու ձկնորսությունը պետք է արգելված լինի, մինչդեռ օրինագիծը թույլատրում է սպառել այդ վայրերի բնական պաշարները»,- ասաց նա:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների մասին» օրինագիծը ՀՀ բնապահպանության նախարարությունում հանրային քննարկման կառաջադրվի օգոստոսի 28-ին` ժամը 14:00-ին: