Տեխնիկայի ու սպառազինության գծով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Վանիկ Մանուկյանը չի բողոքարկել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի իր դեմ կայացված դատավճիռը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանիկ Մանուկյանի պաշտպանը՝ Հասմիկ Պապյանը: Հիշեցնենք, որ Վանիկ Մանուկյանը ընդունել էր իր մեղքը, սակայն այսօր կարող էր բողոքարկել վճիռը պատժաչափի մասով: Քանի որ նա չի բողոքարկել կկրի այն պատիժը, որը սահմանել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատարանը Վ. Մանուկյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման ու 1,5 մլն. դրամի տուգանքի՝ 2 տարի ժամկետով զրկելով նրան որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Դատավճռով նա հանցավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր առմամբ 5 հոդվածներով՝ խոշոր չափի յուրացումներ, պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ ռազմամթերքի խոշոր չափերի հափշտակություն, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը եւ իրացնելը:





