AM
24 Օգոստոս 2012 - 13:51 AMT

Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Էկոկենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկո և Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոն»: Այցելության նպատակը նորաստեղծ, սակայն ագրոպարենային համակարգերի ժամանակակից պահանջների ներդրման ևիրականացման համար անհրաժեշտ լաբորատոր հագեցվածություն ունեցող կենտրոնի հնարավորություններին ծանոթանալն էր, ոլորտում ինովացիաների ներդրման հեռանկարների քննարկումը:

Կենտրոնի մասնագետները նախարարին ներկայացրեցին ժամանակակից սարքավորումներով հագեցած փորձարկման լաբորատորիան, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել միջազգային չափորոշիչներին համահունչ սննդամթերքի ռիսկի գնահատում:

Էկոկենտրոնի միջլաբորատոր խմբերը իրականացնում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող արոտավայրերի մրցունակության ծրագրի սպասարկումը: Գյուղմթերքների արտադրության առաջնային ռիսկերի գնահատման համար կենտրոնում գործող շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը միջազգային դրամաշնորհներով արդեն իրականացրել է մի շարք կարևոր հետազոտություններ: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ է համագործակցում նաև որակի և կենսաէներգիայի բաժանմունքը, ուր որակի և սննդարարության գնահատման կայուն չափորոշիչներ են ստեղծվում : Չնայած Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը կարճ ժամանակ է, ինչ գործում է, սակայն արդեն Իտալիայի կառավարության կողմից անցյալ տարի հաղթող է ճանաչվել դրամաշնորհային ծրագրերի մրցույթում, որի շրջանակներում գործող ամառային դպրոցի աշխատանքներին մասնակցել են իտալացի փորձագետները, իսկ ծառայության աշխատակիցները վերապատրաստվել են Եվրոպայի հեղինակավոր կենտրոններում:

Այցելության արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որ այսուհետ, համապատասխան կազմակերպությունների, տնտեսությունների և անհատների կողմից ներկայացվելու դեպքում, կենտրոնը կիրականացնի սննդամթերքի անվտանգության համակողմանի ստուգումներ, հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: