Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում: Քաղաքապետը Դավթաշենի բնակիչների հետ հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված ժամանակակից խաղահրապարակներով, զրուցարաններով և նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր: Այս մասին PanARMENIAN.Net-ին փոխանցում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Բնակիչների հետ մշտական հանդիպումների և անմիջական շփումների ընթացքում լսելով ու կարևորելով նրանց առաջարկները մենք դրանք վերածում ենք աշխատանքային ծրագրերի, ինչի արդյունքում էլ Երևանն օրեցօր առավել հարմարավետ է դառնում բնակիչների համար: Մեր համաքաղաքացիներին վերադարձնելով իրենց բակային տարածքները մենք այսօր իրականություն ենք դարձնում հարմարավետ բակեր ունենալու բոլորիս երազանքը»,-ասել է քաղաքապետը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև բակերի բարեկարգման ընթացիկ աշխատանքներին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Բնակիչների հետ անմիջական շփումների ժամանակ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս հորդորել է պահպանել կատարված աշխատանքն ու լինել ավելի ակտիվ և մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի բոլոր նախաձեռնություններին:





