AM
28 Օգոստոս 2012 - 13:38 AMT

Թալինի տարածաշրջանում նորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները և դպրոցները

Մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացավ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում:

Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երեք փուլերով հատկացվել է շուրջ 2, 2 մլրդ դրամ: Երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կատարվել են 90,3 տոկոսով, ընթացքի մեջ է երրորդ փուլը, որով կիրականացվի դպրոցների, մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքների, համայնքային նշանակության այլ կառույցների նորոգման 41 ծրագիր մարզի 34 համայնքում:

Մինչ մարզպետ Ս. Սահակյանի ուղեկցությամբ տեղերում կատարված աշխատանքներին ծանոթանալը` Թալինի նորընտիր քաղաքապետ Ս. Արամյանը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքի, համայնքային հիմնարկների և կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ: Նշվեց, որ առաջիկայում նորընտիր ավագանին ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը, և ՏԻ մարմինները կսկսեն իրենց բնականոն գործունեությունը:

Թալինի տարածաշրջանում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում բազմաբնակարան շենքերի տանիքներ և դպրոցների շենքեր են վերանորոգվում: Թալին քաղաքի շենքերի տանիքների նորոգման համար ծրագրի երկրորդ և երրորդ փուլերով 92,3 մլն դրամ է հատկացվել: Ընդհանուր առմամբ ծրագրով կվերանորոգվեն մեկ տասնյակից ավելի շենքերի տանիքներ: Ա. Գևորգյանը ծանոթացավ նաև մի շարք համայնքներում դպրոցների նորոգման աշխատանքների ընթացքին: Դաշտադեմ համայնքում ծրագրի երրորդ փուլով 30 մլն դրամ է հատկացված դպրոցի վերանորոգման համար, Կաթնաղբյուր համայնքում նույն նպատակի համար 40,1 մլն դրամ է նախատեսվել: Պատասխանատուները զեկուցեցին, որ արդեն կատարվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը և վստահեցրին, որ աշխատանքները չեն խանգարի ուսումնական գործընթացին ու մինչև հոկտեմբերի կեսերը կավարտվեն: Փոխվարչապետը շրջայց կատարեց նաև համայնքի մշակույթի տանը, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են ծրագրի երկրորդ փուլով հատկացված 17,4 մլն դրամով:

Արուճ համայնքում դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, և նոր ուսումնական տարին աշակերտներն արդեն կդիմավորեն բարեկարգ դպրոցում: Աշխատանքներն իրականացվել են երկրորդ փուլով նախատեսված 61,3 դրամով:

Փոխվարչապետին զեկուցվեց, որ ծրագրով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում կավարտվեն: Ա. Գևորգյանը պատասխանատուներին հորդորեց ուշադրություն դարձնել հատկապես կատարվող աշխատանքների որակին` ընդգծելով դրա կարևորությունը ծրագրի հետագա շարունակության տեսանկյունից:

Այս համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը փոխվարչապետին ներկայացվեցին ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր, նշվեց, որ սակավաջուր տարին այդ առումով որոշակի դժվարություններ է ստեղծել: Ա. Գևորգյանը բնակիչներին պարզաբանումներ ներկայացրեց ոռոգման սակագնի ձևավորման տրամաբանության, ՋՕԸ-երի գործունեության, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ կառավարության ծրագրերի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Թալին» ՋՕԸ-ի ներկայացուցիչները կայցելեն համայնքներ` տեղում իրավիճակը քննարկելու և գործնական լուծումներ առաջարկելու համար: Արուճ համայնքում բնակիչները բարձրացրեցին խմելու ջրի խնդիրը: Իրավիճակին տեղում ծանոթանալու և խնդրի լուծման տարբերակներ գտնելու համար համայնք կայցելեն «Հայջրմուղկոյուղի» ընկերության մասնագետները: Փոխվարչապետը նաև Արտենիի և Արագածավանի գյուղապետերի հետ քննարկեց համայնքներում առկա խնդիրները: Մասնավորապես համայնքների համար առաջնային են խմելու ջրամատակարարման, գազիֆիկացման, ինչպես նաև Քարակերտ- Գետափ ճանապարհահատվածի վերանորոգման հարցերը: Փոխվարչապետը նշեց, որ այդ խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են և դիտարկվում են տարբեր ծրագրերում ներառելու հնարավորությունները:

Այցի շրջանակում փոխվարչապետը եղավ նաև Արագածավան համայնքում գտնվող երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարանում, ծանոթացավ արտադրական հզորություններին: Գործարանն արտադրում է ներտնտեսային ոռոգման ցանցի համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ, որոնք օգտագործվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով» ենթակառուցվածքների վերականգնման համար: Ծրագրով մոտ 63կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցքներ կվերականգնվեն Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: