«Զանգակ» հրատարակչության գրատանն այսօր տեղի ունեցավ Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար նախատեսված «Այբբենարան», «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 2» դասագրքերի փորձնական օրինակների շնորհադեսը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, դասագրքերի լույսընծայումը միտված է ամբողջ Սփյուռքում արևմտահայերենի միասնական ուղղագրական և ուղղախոսական համակարգերի ամրապնդմանը:
Նախարարը նշեց, որ միասնական դասագրքի լույսընծայումը բնավ չի ենթադրում պարտադրանք, որ բոլոր դպրոցները պետք է անցնեն այս դասագրքերի կիրառմանը: Նորաստեղծ դասագրքերը ստեղծված են արևմտահայերենի միևնույն քերականական, ուղղագրական և ուղղախոսական սկզբունքների նույնականացմամբ:
Դասագրքերի մշակմանը մասնակցել են արևմտահայերենի սփյուռքյան և հայաստանյան մասնագետները: Փորձնական դասագրքերն արդեն իսկ առաքվել են սփյուռքի ազգային վարժարաններ, հայկական մեկօրյա կրթական հաստատություններ:
Փորձարկումից հետո ի մի կբերվեն բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Աշխատանքային հանձնախումբն ու մասնագետները հաշվի կառնեն դրանք դասագրքերի վերջնական տարբերակների հրատարակումը պատրաստելիս:





