Թերթը ներքաղաքական զարգացումների մասին է զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Լրագրողի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր դաշտում տիրող ներկա վակուումային իրավիճակը, և ո՞ր ուժերը կարող են այն լրացնել այն, Արամ Սարգսյանը պատասխանել է, որ քաղաքական դաշտում ստեղծված ներկա իրավիճակը Հայաստանի պետության դժբախտություններից մեկն է, և դա վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխանությանը: «Համաձայն եմ, որ այս պահին կարծես թե չի ուրվագծվում իշխանության թեկնածուի հիմնական հավակնորդը: 2003թ. նախագահական ընտրություններից առաջ էլ էր այդպիսի իրավիճակ, բայց քաղաքական գործընթացներ ծավալվեցին, եւ 2003թ. փետրվարին հրապարակում մեր շուրջ համախմբվել էր այնքան մարդ, որը բավարար էր, որպեսզի երկրում տեղի ունենար իշխանափոխություն: Նույն վիճակը, կարելի է ասել, 2008-ին էր. 2007թ. սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական դաշտ փոփոխությունների հույս ներշնչեց: Ես չէի ասի, թե այդ ժամանակ Հայաստանի ամբողջ հանրությունը հիացած էր Լևոն Տեր-Պետրոսյանով, քանի որ շատերի հիշողության մեջ առկա էին նախկինում ձեւավորված կարծրատիպեր, բայց իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը բերեց նրան, որ 2008թ. փետրվարի 26-ին մարդիկ, ովքեր մասնակցում էին Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքին, թափեցին իրենց ձեռքի դրոշները եւ միացան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, և այդ զանգվածը բավարար էր երկրում իրական փոփոխությունների հասնելու համար»,-ասել է նա: Արամ Սարգսյանը չի համաձայնել այն դիտարկման հետ, թե իշխանությունը հասարակությանը նոր այլընտրանք է առաջարկում՝ ի դեմս ԲՀԿ-ի. «եթե դեմ եք ՀՀԿ-ին, քվեարկեք ԲՀԿ-ի օգտին» տարբերակով: «Ես միշտ պնդել եմ, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, և ես իմ այս դիրքորոշումն արտահայտել եմ մշտապես՝ թե հանրահավաքներում, թե մամուլում: Այն հիմնավորումները, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, նույնիսկ հասարակության ամենաոչքաղաքականացված շերտերում չեն ընկալվում եւ ազդեցություն չեն թողնում»,-ասել է Արամ Սարգսյանը:





