AM
30 Օգոստոս 2012 - 06:18 AMT

«Ժողովուրդ». Նախագահական ընտրություններից առաջ վարչապետին պաշտոնանկ են անելու

«Ժողովուրդը» գրում է, որ իշխանական կուլիսներում կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության թեման:

Այն, որ Տ. Սարգսյանն իր պաշտոնավարման այս տարիներին լուրջ ձախողումներ է գրանցել բոլոր ոլորտներում, հայտնի է ամենքին. այդ մասին է վկայում և´ երկրում տիրող իրավիճակը, և´ պաշտոնական վիճակագրությունը: Ժամանակին շատերի համար անհասկանալի էր, թե ինչու Սերժ Սարգսյանը, չնայած Տ. Սարգսյանի ձախողումներին, ԱԺ ընտրություններից հետո նրան կրկին նշանակեց վարչապետ՝ գրեթե նույնը թողնելով նաև կառավարության կազմը: Այդ օրերին ՀՀԿ-ականները փորձում էին տպավորություն ստեղծել, թե իրենք կայունության կողմնակից են և այդ իսկ պատճառով էլ առանձնապես չեն փոխել կառավարության կազմը: Բայց մյուս կողմից հստակ ակնարկներ եղան, որ Աժ ընտրություններից հետո ձևավորվածն ընդամենը ժամանակավոր կառավարություն է և նախագահական ընտրություններից հետո հիմնովին փոփոխվելու է:

«Ժողովուրդի» աղբյուրների փոխանցմամբ` իշխանական վերնախավում այժմ քննարկվում է սցենար, ըստ որի` Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ պաշտոնանկ է անելու Տ. Սարգսյանին: Մանավանդ որ աշնանը, պայմանավորված մի շարք ներքաղաքական իրողություններով սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացումով գազի սակագնի բարձրացումով երկրում իրավիճակը կլինի բավական լարված: Թերթի աղբյուրները ենթադրում են, որ Տ. Սարգսյանին պաշտոնանկ անելով` Ս. Սարգսյանը կփորձի մեղմել հասարակական ընդվզումներն ու այդպես կկարողանա էժանագին դիվիդենտներ շահել: