Պաշտոնական Երեւանը երբեք չի թաքցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իր պայմանները, «Երկիր» շաբաթերի կայքում օն-լայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` նախ եւ առաջ, Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, քանզի այդ դեպքում Ղարաբաղում չի մնա ոչ մի հայ: Երկրորդ` Ղարաբաղը եւ Հայաստանը պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը անկլավային պայմաններում չի կարող գոյություն ունենալ: Երրորդ` պետք է լինեն Ղարաբաղի անվտանգության կամ պատերազմ չվերսկսելու լուրջ երաշխիքներ, քանի որ կորցնելով կամ զիջելով անվտանգության գոտին` եւ Ղարաբաղը, եւ Հայաստանը ռազմական տեսանկյունից խոցելի են դառնում, պարզաբանել է նախարարը: Խոսելով Ադրբեջանի կողմից ներկայացված հայկական եւ ադրբեջանական համայնքների համատեղ կյանքի անվտանգության երաշխիքների մասին` Ս.Սարգսյանը նշել է, որ «դժբախտաբար, պատմության ընթացքում մենք ծանոթացել ենք այն երաշխիքներին, որոնք կարող է ներկայացնել ադրբեջանական կողմը»: ԽՍՀՄ Սահմանադրությունում արձանագրված բավականին լուրջ երաշխիքները չխանգարեցին ամբողջովին տեղահան անել հայ բնակչությանը Նախիջեւանից եւ կտրուկ մեծացնել ադրբեջանցիների քանակը Լեռնային Ղարաբաղում: «Ի՞նչ երաշխիքների մասին կարող է խոսք լինել, եթե այսօր դրանք ներկայացնի Ադրբեջանը: Ես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հետ 2002 թվականի հուլիսի 22-ին անցկացված իր անկեղծությամբ հազվագյուտ հացազրույցին: Նախագահի նստավայրում անցկացված հարցազրույցի ժամանակ, որին մասնակցում էին Ադրբեջանի առաջատար ԶԼՄ-ները, Հեյդար Ալիեւը մանրամասնորեն պատմեց, թե ինչպես, լինելով Ադրբեջանի ղեկավար, ջանք չի խնայել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանիզացման համար: Այնպես որ, այժմ երաշխիքների մասին չպետք է խոսել»,- նշել է Հայաստանի պատպանության գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով` հարցը պետք է լուծվի արդարացիորեն, որից հետո պետք է հաստատվեն իրավահավասար եւ նորմալ հարաբերություններ: «Մենք հարեւաններ ենք, իսկ հարեւանները չեն փոխվում: Մեզանից ոչ ոք չի կարող հեռանալ այստեղից: Երբ կտիրի արդարության եւ իրավահավասարության գիտակցություն, այդ ժամանակ էլ կվերականգնվեն նորմալ հարաբերություններ մեր ժողովուրդների միջեւ»,- եզրափակել է նա:





