AM
31 Օգոստոս 2012 - 05:52 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». Բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց սիրուհիների անհավանական արկածները Դիլիջանում

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը մեջբերում է ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերից մեկի գրառումը, որում, մասնավորապես, ասվում է. «Երեկ ընկերներիցս մեկը մի արտառոց բան պատմեց, որը երևի միայն Հայաստանում կարող է լինել։ Ուրեմն, ընտանիքով երեք օրով գնացել են Դիլիջանի «Ռեզորթ» հյուրանոց: Գումարը նախօրոք վճարել են, օրը մոտ 100 եվրո: Դրա մեջ մտել է օրը երեք անգամ սնունդ, լողավազան, սաունա, խաղեր-մաղեր և այլն:

Եվ ահա հենց առաջին օրը մեր ընկերը գնում է լողավազան, թույլ չեն տալիս ներս մտնել, ասում են` փակ է: Այն հարցին, թե ինչու է փակ, քանի որ այդ ժամերին լողավազանը պետք է բաց լինի, հյուրանոցի ներկայացուցիչը պատասխանում է, թե գիտեք, լողավազան ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա է եկել իր սիրուհու հետ և կարգադրել է փակել և' լողավազանը, և' սաունան: Էս մեր ընկերը հեգնանքով հարցնում է, թե սա ի՞նչ է նշանակում, իսկ եթե այդ պաշտոնյան սիրուհու հետ հյուրանոցի ռեստորան գնա ու կարգադրի փակել ոեստորանը, այդ դեպքում մնացածները սովա՞ծ պետք է մնան, հյուրանոցի ներկայացուցիչը ապշեցուցիչ պատասխան է տվել, թե նման դեպքերում դրսում են հաց տալիս: Այսինքն, նման բան եղել է նախկինում այդտեղ:

Ի դեպ, մեր ընկերոջ խոսքով, նրանք այդ երեք օրվա մեջ այդպես էլ չեն կարողացել լողավազան գնալ: Չնայած դա գնի մեջ մտած է եղել»։