«Անկեղծ ասած, շատ եմ ցանկանում հավատալ, որ գոնե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցող ադրբեջանցիներն անկեղծ են»,- «Երկիր» շաբաթերի կայքում օն-լայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Սակայն, դժբախտաբար, երբ բանակցային գործընթացում ադրբեջանական կողմը ԶԼՄ-ների կամ այլ կառույցների օգնությամբ փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, ես սկսում եմ կասկածել: Նույնիսկ պատերազմի ժամանակ, բանակցային ժամանակաշրջանում, ռազմական գործողությունները դադարեցվում են»,- ավելացրել է նախարարը: Նրա խոսքերով` բանակցային գործընթացը ընթադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ցանկություն, մեր դեպքում, անպայման, փոխադարձ զիջումների հիման վրա: Սակայն երբ փորձում են ճնշում գործադրել, այդ ժամանակ հակառակ կողմի անկեղծությունն իսկապես կասկածի տեղիք է տալիս: «Եվ եթե Ադրբեջանի ղեկավարությունը մտածում է, որ կարող է ճնշման միջոցով ավելի շատ բանի հասնել, քան բանակցային գործընթացում, ապա կարծում եմ, զբաղվում է ինքնախաբեությամբ: Դրանով նրանք միայն խստացնում են մեր դիրքորոշումը»,- ասել է Ս.Սարգսյանը:





