Սեպտեմբերի 9-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված սկանդալները և փոխհրաձգությունը չեն կարող ստվերել ընտրական գործընթացը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` մեկնաբանելով Գյումրիում և Ախթալայում հնչած կրակոցները, ինչպես նաև ինքնաբացարկ ներկայացրած Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի հայտարարությունն իր հանդեպ գործադրված ճնշման մասին: «Չեմ կարծում, որ այդ եզակի դեպքերը կարող են ստվեր նետել ողջ ընտրական գործընթացի վրա»,- նշել է նա:
Մուկուչյանը հավելել է, որ օրենքը քաղաքացիներին հնարավորություն է տալիս օգնության համար դիմել իրավապահ մարմիններին, և նրա անձնական կարծիքով քաղաքական հայտարարությունների փոխարեն պետք է դիմել իրավապահ մարմիններին:
ՏԻՄ ընտրությունների հետ կապված վերջին սկանդալը Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կրակոցներն էին, ինչպես նաև Կապանի գործող քաղաքապետ Արթուր Աթայանի ինքնաբացարկը, որի արդյունքում սեպտեմբերի 9-ի ընտրություններում միակ թեկնածուն մնացել է ՀՀԿ ներկայացուցիչը:





