Օգոստոսի 28-31-ը այցով Չեխիայի մայրաքաղաք էր այցելել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Օգոստոսի 29-ին Պրահայում ՀՀ դեսպանությունում պարոն Դեմոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը ներկայացնելու նպատակով:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, օգոստոսի 31-ին Պրահայի արվարձան Լիդիցե ավանում Հայկ Դեմոյանը և Լիդիցեի հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը ստորագրեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Լիդիցեի հուշահամալիրի միջև համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ցուցահանդեսների, ցուցանմուշների և հրատարակումների փոխանակում, պատմական և արխիվային նյութերի տրամադրում, փորձագետների փոխանակում:
Ստորագրման արարողությանը նախորդած քննարկումների ընթացքում առաջարկվեցին համագործակցության կոնկրետ ծրագրեր:
Հանդիպմանն ու արարողությանը մասնակցում էին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, դեսպանության և հուշահամալիրի աշխատակիցներ, հայ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Չեխիայում անցկացվող ՙՙԻնը դարպաս՚՚ փառատոնի շրջանակներում Հայոց Ցեղասպանությանը և Մուսալեռան հերոսամարտին նվիրված գիտական կոնֆերանսի կազմակերպիչ, «Չարիքի հնեաբանություն՚՚» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը:
Հանդիպման մասնակիցները ծաղիկներ դրեցին Լիդիցեում նահատակված 82 երեխաների հուշակոթողին և դիտեցին հուշահամալիրի պատկերասրահի և թանգարանի ցուցադրությունները:





