AM
3 Սեպտեմբեր 2012 - 06:42 AMT

Երևանում մեկնարկեց ՀՀ ԿԲ և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ սեմինարը

Սեպտեմբերի 3-ին Երևանում մեկնարկեց ՀՀ Կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպված «Ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն և ռիսկերի գնահատում» թեմայով տարածաշրջանային հինգօրյա սեմինարը: Ինչպես նշեց իր բացման խոսքում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության և կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանը, ՀՀ ԿԲ-ը, սկսած ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանից և կառույցի մնացած աշխատակիցներից, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մարդկային ռեսուրսների զարգացումը: «Ես համոզված եմ, որ ձեզ սպասում է շատ որակյալ ուսուցման շաբաթ»,- ընդգծեց նա, ողջունելով Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Սերբիայից, Լեհաստանից ժամանած հյուրերին և ընդհանուր վերահսկողության ոլորտի ավելի քան 30 մասնագետներին: Սեմինարի ընթացքում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Ռոբերտ Ուոքերը և Կրեյգ Ֆրասատին ներկայացնելու են գլոբալ ֆինանսական ճգնաժամին ու վերջինիս դասերին, ռիսկի վրա հիմնված վերահսկողության, վարկային, գործառնական, համախառն, ռիսկերին վերաբերող հարցեր:

Իր հերթին, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանն ընդգծեց, որ վերջին զարգացումների շրջանակներում անհրաժեշտ է վերանայել վերահսկման մեխանիզմները: Իր խոսքում նա ասաց, որ միջազգային մասնագետները կկիսվեն իրենց փորձով և կներկայացնեն նոր մոտեցումները վերահսկման ոլորտում: ԿԲ ներկայացուցիչը հավելեց, որ Հայաստանը ևս անհրաժեշտություն ունի ամրապնդել ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունը: