AM
3 Սեպտեմբեր 2012 - 07:40 AMT

Արևմտյան Հայաստանի Կառավարություն. Ադրբեջան – Հունգարիա գործարքի ետևում Միջին Արևելքի շատ որոշակի երկրներ են կանգնած

Առաջին հարցը, որ պետք է հետաքրքրի հայությանն ու Հայաստանին այն է, թե՝ քաղաքական վերնախավից զատ, ո՞ր պետությունների քաղաքական շրջանակներն են կանգնած ցմահ դատապարտված մարդասպանին ազատություն տալու գործարքի ետևում և ի՞նչ նպատակով: Որովհետև բոլոր դեպքերում հասկանալի է, որ ո՛չ Հունգարիան, ո՛չ Ադրբեջանը իրենց հասակից ավելի բարձր թռչել չէին կարող: Որովհետև, բոլոր դեպքերում, կարևոր են շարժառիթները, իսկ դրանց բացահայտումից ի հայտ են գալիս հեղինակներն ու նրանց հետապնդած նպատակները: Այս մասին ասվում է Արևմտյան Հայաստանի Կառավարության Լրատվական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ :

«Այն, որ Ադրբեջանի նախագահը դրանով հրապուրվել և ցանկացել է իրեն հարմարեցնել ցկեանս նախագահի աթոռը՝ ակնհայտ է, բայց դրանով խնդիրը չի եզրափակվում, հաստատ: Կարևոր հարց է նաև գործարքի ժամանակի ընտրությունը, որը պատահական չէ ընտրված անշուշտ: Դատելով ԱՄՆ-ի քաղաքական շրջանակների կոշտ արձագանքից, կարելի է եզրակացնել, որ նրանց, նույնպես, կատարված փաստի առաջ են կանգնեցրել: Պակաս կոշտ չէ եվրոպական շրջանակների, նույնիսկ հունգարական և ադրբեջանական որոշ շրջանակների բացասական վերաբերմունքը կատարվածի հանդեպ:

Մնում է եզրակացնել, որ սիրիական ճգնաժամում հայտնված Թուրքիան և շրջափակում գտնվող Իսրայելը փորձում են տարածաշրջանային ռազմա-քաղաքական արկածախնդրությունների մեջ ներքաշել Ադրբեջանին, մանավանդ, եթե նկատենք, որ Սիրիային և Իրանին ուղղված սպառնալիքների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով»,-ասվում է հայտարարության մեջ:

Ուստի, մարդասպան հանցագործին հանձնելու գործարքի մեջ միայն Հունգարիա – Ադրբեջան առնչություններ տեսնելն առնվազն վատ տեսողության նշան է, որովհետև դրա ետևում երևակվում են Միջին Արևելքի շատ որոշակի երկրների, շատ որոշակի քաղաքական շրջանակների այն ծրագրերը, որոնց միջոցով փորձում են տարածաշրջանում ռազմա-քաղաքական դիմակայության նոր օջախներ հրահրել:

Ծրագրեր, որոնք հնարավոր չեղավ իրականացնել 2008 թվականի օգոստոսին… Ադրբեջանին զենք վաճառելու Իսրայելի 6 միլիարդանոց համաձայնագրի հենքին՝ Ադրբեջանի նախագահի երրորդ շրջանի պաշտոնավարությունն ապահովելու և Ադրբեջան – Հայաստան լարվածության նոր ալիք առաջացնելու 3 միլիարդանոց գործարքն այնքան էլ թանկ չի թվում: Մանավանդ, երբ հեռահար ծրագրերում՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, քրդեր, Հյուսիսային Կովկասի հանրապետություններ, բոլորը – բոլորի դեմ՝ լարվածություն ու դիմակայություն ծավալելու և նոր սադրանքներ հրահրելու բարդ ու դժվարին խնդիրներ կան: Այս պատկերին պարզապես հավելենք, որ 2012-ի սեպտեմբերի 5-6-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հարավային Կովկաս, իսկ 11-12-ը՝ Թուրքիայի վարչապետը Ադրբեջան…

Սա է գործարքից բխած, հնարավոր է միակ, սպառնալիքը: Մնացած բոլոր ուղղություններում, ակամայից իսկ, նախաձեռնությունը հայտնվել է հայության ու Հայաստանի ձեռքերում, որից պետք է խելամտորեն օգտվել, ինչի մասին հիմա շատ է գրվում և խոսվում:

Խնդիրը, այս սպառնալիքին դիմակայելն է և ի հարկին դրանից հաղթանակած դուրս գալը, որը հայության և Հայաստանի հնարավորությունների սահմաններում է, եթե միայն նրանք սկսում են վարել միանգամայն անկախ և ինքնիշխան ներքին և արտաքին քաղաքականություն, ինչը պատմական առիթ ու հրամայական է, միաժամանակ, ասվում է Արևմտյան Հայաստանի Կառավարության Լրատվական հանձնաժողովի հայտարարության մեջ :