AM
5 Սեպտեմբեր 2012 - 06:03 AMT

«Հայկական ժամանակ». Հունգարիայի փոխվարչապետը Նիկոլ Փաշինյանի 4 հարցին պատասխանել է ընդամենը մի նախադասությամբ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ դեմ առ դեմ խոսակցություն է ծավալվել Հունգարիայի փոխվարչապետ, ադմինիստրացիայի և արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչի և ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև: Դա տեղի է ունեցել Լեհական Կրինիցա-Զդրույ քաղաքում բացված 22-րդ տնտեսական ֆորումի ընթացքում: Սեմինար-քննարկումներից մեկի ժամանակ, երբ Նավրաչիչը զեկույց է կարդացել Եվրոպայում էլեկտրոնային դատարանների հեռանկարների մասին, Փաշինյանը ձայն է խնդրել և նրան առաջադրել հետևյալ հարցերը.

– Պարոն Նավրաչիչ, քիջ առաջ դուք ասում էիք, որ էլեկտրոնային դատարանը արդարադատության թանկարժեք տեսակ է: Ես ուզում եմ ձեզ հարցնել արդարադատության մեկ այլ «թանկարժեք» տեսակի մասին: Մի քանի օր առաջ դուք որոշում եք ստորագրել Հունգարիայի դատարանի կողմից 30 տարի առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին: Ադրբեջանի մայրաքաղաք հասնելուն պես՝ Սաֆարովը ազատության մեջ է հայտնվել: Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ Սաֆարովը 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սպանել է Հայաստանի քաղաքացի Գուրգեն Մարգարյանին: Նրանք, որպես իրենց երկրների զինված ուժերի սպաներ, մասնակցելիս են եղել անգլերենի դասընթացների, ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Սաֆարովը կացնահարել է Մարգարյանին, երբ վերջինս, ոչնչի մասին չկռահելով, քնած է եղել սեփական անկողնում:

Պարոն Նավրաչիչ, պատասխանեք խնդրեմ. – ինչպե՞ս եք կայացրել Սաֆարովի արտահանձնման որոշումը, չէ՞ որ դուք չէիք կարող չիմանալ, որ հայ սպային սպանելուց հետո Սաֆարովին իր հայրենիքում պատվում էին ինչպես ազգային հերոսի, և նրա ներումը ավելի քան կանխատեսելի էր: Ինչո՞ւ էր անհնար Սաֆարովի պատժի հետագա կրումը Հունգարիայում:

– Արդյո՞ք դուք դատապարտում եք Ադրբեջանի նախագահին, որ ստորագրել է հունգարական դատարանի կողմից դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված անձի ներման որոշումը: Չե՞ք կարծում, որ դա անհարգալից քայլ է հունգարական դատարանի նկատմամբ:

– Ի՞նչ կասեք լրատվամիջոցների այն հրապարակումների մասին, ըստ որոնց' Ադրբեջանը վճարել է ձեզ' Սաֆարովին ազատելու համար:

– Ի՞նչ քայլեր եք մտադիր ձեռնարկել, որպեսզի հունգարական դատարանի որոշումը հարգվի: Մտադի՞ր եք արդյոք Սաֆարովին բանտ վերադարձնելուն ուղղված քայլեր անել, օրինակ' նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել կամ ինչ-որ ուրիշ բան:

Այս հարցաշարին ի պատասխան' Սաֆարովի արտահանձնման որոշումը ստորագրած Նավրաչիչը ընդամենը երեք նախադասություն է արտաբերել. «Սաֆարովի արտահանձնումը տեղի է ունեցել միջազգային փաստաթղթերի հիման վրա:

Ադրբեջանը երաշխիքներ էր տվել, որ նա ինչ-որ ժամանակ կմնա բանտում: Այդ Ադրբեջանին է պետք հարցնել, թե ինչու են ազատ արձակել նրան»:

Այս պատասխանից հետո վարողը նիստը փակված է հայտարարել:

Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը Կրինիցայի ֆորումին մասնակցում են կազմակերպիչների հրավերով: