AM
5 Սեպտեմբեր 2012 - 07:06 AMT

Հ. Սասունյան. Հունգարիայի համար Ադրբեջանի նավթային գումարն ավելի թանկ է, քան հայկական արյունը

Աշխարհասփյուռ հայերը խիստ վրդովված են Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին (ադրբեջանցի մի լեյտենանտի, որը 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին) ներում շնորհելու և հունգարական կառավարության կողմից նրան ազատ արձակելու կապակցությամբ:

Այս մասին գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

«Դժվար է որոշել, թե ո՞ր երկրին պետք է ավելի շատ մեղադրել այս աղմկահարույց և խայտառակ գործում՝ Հունգարիայի՞ն, թե՞ Ադրբեջանին: Մեղադրանքների մի մասն էլ պետք է ուղղել միջազգային հանրությանը, որն անտեսել է Արցախի հայերի բազմաթիվ բողոքները, որ նրանք այլևս երբեք չեն կարող ապրել Ադրբեջանի բռնատիրական լծի տակ:

Երբ 2004 թվականին Սաֆարովը գործեց իր բարբարոսական արարքը, ադրբեջանցիները փառաբանում էին նրա ստոր ոճրագործությունը: Այդ ժամանակից ի վեր, Ադրբեջանը հնարավոր ամեն ինչ անում էր Հունգարիայի կառավարությանը խթանելու համար կացնահարող մարդասպանի ազատ արձակումը, իսկ Հայաստանի իշխանությունները ձգտում էին հավաստիանալ, որ Սաֆարովը կրում է իր ցմահ բանտարկությունը:

Հունգարիայի ղեկավարները բազմիցս վստահեցրել են Հայաստանին, որ չնայած Ադրբեջանի համառ ճնշումներին, ադրբեջանցի բանտարկյալը ազատ չի արձակվի: Սակայն, 2012 թվականի օգոստոսի 31-ին, առանց նախազգուշացման, հունգարական իշխանությունները խախտեցին իրենց պաշտոնական երաշխիքը՝ Սաֆարովին հանձնելով Բաքվին:

Ինչո՞ւ իրադարձությունների նման շրջադարձ տեղի ունեցավ: Հնարավոր բացատրություն կարելի է գտնել մեկ շաբաթ առաջ «Բլումբերգ» գործակալության կողմից հրապարակված կարճ տեղեկատվությունում. «Ադրբեջանը բանակցությունների մեջ է մտել Հունգարիայի հետ՝ նրա երեք միլիարդ եվրո արժողությամբ պետական պարտատոմսերը գնելու համար…. Ադրբեջանի խնդրանքով, պարտատոմսերը կարող են վաճառվել Թուրքիայում՝ արտահայտված թուրքական լիրայով, և կարող են վաճառվել մինչ Հունգարիան համաձայնության կգա Արտարժույթի միջազգային հիմնադրամի հետ …. Ադրբեջանը համաձայն է ընդունել շուկայականից ցածր տոկոսադրույքներ Հունգարիայի պարտքի առնչությամբ»:

Ակնհայտ է, որ Հունգարիան դավաճանեց Հայաստանին «30 կտոր արծաթի», տվյալ դեպքում՝ 3 միլիարդ եվրոյի (3.77 մլրդ ԱՄՆ դոլարի) դիմաց: Նման մի խոշոր գումար կարող է Հունգարիային փրկել ֆինանսական կործանումից, սակայն այն չի փրկի հունգարական պաշտոնյաներին բարոյական սնանկացումից: Հունգարիայի համար Ադրբեջանի նավթային գումարն ավելի թանկ է, քան հայկական արյունը:

Իր չարամիտ գործարքն արդարացնելու համար Հունգարիան բացահայտեց Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի 2012 թվականի օգոստոսի 15-ի թվագրությամբ նամակը, որը հաստատում է, որ Սաֆարովին Բաքվին հանձնելուց հետո Ադրբեջանը չի փոխի նրա նկատմամբ կիրառված պատիժը: Զահիրովը վկայակոչել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 57.3 հոդվածը՝ հավաստիացնելով, որ ցմահ ազատազրկման դատապարտվածը կարող է ազատ արձակվել միայն այն դեպքում, եթե նա կրել է իր պատժի առնվազն 25 տարին:

Զարմանալի չէ, որ Ադրբեջանը խախտել է ոչ միայն իր ստանձնած պարտավորությունը Հունգարիայի հանդեպ, այլ նաև իր սեփական օրենքները, երբ նախագահ Ալիևը անմիջապես ներում է շնորհել Սաֆարովին՝ Ադրբեջանական ավիաուղիների հատուկ չարտերային չվերթով Բաքու ժամանելուց անմիջապես հետո: Ադրբեջանցի լեյտենանտին շնորհվել է մայորի կոչում, հատկացվել է անվճար բնակարան, վճարվել է ութ տարվա չվճարված աշխատավարձ, և քնած հային սառնասրտորեն սպանած մարդասպանին դիմավորել են հերոսին վայել:

Հաշվի առնելով այս խայտառակ զարգացումների հանդեպ աշխարհասփյուռ հայության խիստ վրդովմունքը, նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 31-ին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրեց՝ հայտարարելով, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ իր դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական բոլոր կապերը: Հետո նա կանչեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարին և «հատուկ հանձնարարություն» տվեց նրան: Այնուհետև նախագահ Սարգսյանը խիստ ուղերձով դիմեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, նախազգուշացնելով նրանց, որ Հայաստանի հետագա հարաբերությունները նրանց կառավարությունների հետ կախված կլինի այս միջադեպի հանդեպ նրանց արձագանքից: Ռուսաստանը և Միացյալ Նահանգները արձագանքեցին՝ իրենց մտահոգությունը հայտնելով Սաֆարովի ազատ արձակման և ներում շնորհելու առնչությամբ՝ բացատրություն պահանջելով Հունգարիայից և Ադրբեջանից:

Քանի որ Ադրբեջանը, անկասկած, մերժելու է իր «ազգային հերոսին» Բաքվում բանտարկելու կամ ցմահ բանտարկությունը շարունակելու համար Հունգարիային վերադարձնելու ցանկացած առաջարկ, ապա հայերը պետք է ձեռնամուխ լինեն մի շարք նախաձեռնությունների՝ միջազգային հանրությանն ապացուցելու, որ Արցախը երբեք չի կարող ընդունել կացնով զինված մարդասպանների և նրանց պետական հովանավորների իշխանությունը: Հայերը պետք է օգտագործեն արդարադատության վիժեցման հետևանքով առաջացած միջազգային կարեկցանքը, ամրապնդելու համար Արցախի անկախ պետականության հիմնավորումը:

Առաջիկա օրերի և շաբաթների ընթացում, հայերը պետք է ճնշում գործադրեն Հունգարիայի և Ադրբեջանի վրա՝ բողոքի ցույցեր կազմակերպելով նրանց դեսպանատների և հյուպատոսարանների առջև, պահանջելով բոլոր պետություններից, ինչպես նաև ՆԱՏՕ-ից, Եվրամիությունից և ԵԱՀԿ-ից դատապարտել Բուդապեշտի և Բաքվի կողմից արդարադատության միջազգային նորմերի խայտառակ խախտումը:

Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի բանակցություններն Ադրբեջանի հետ և ճանաչի Արցախի անկախությունը` կոչ անելով մյուս բոլոր պետություններին հետևել իր օրինակին: Երբ Ալիևը ստորագրեց Սաֆարովի ներումը, նա ակամա հիմնավորեց Արցախի անկախության պայքարը:

Աշխարհասփյուռ հայերը պետք է միավորեն իրենց ուժերը Հայաստանի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորացման համար՝ կանխելու Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների կողմից հետագա ցանկացած թշնամական ոտնձգություն»,- ասել է Սասունյանը: