Հինգերորդ գումարման Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվում է: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը բարձրացրեց այն հարցը, թե ինչու ԱԺ հայտարարության տեքստում չի ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու հարցը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` պատասխանելով հարցին, ասաց, որ այժմ ԼՂՀ ճանաչման կամ չճանաչման գործընթացը չի քննարկվում, քանի որ դրա շուրջ մանրամասն քննարկումներ եղել են, և նպատակարմար չի համարվել ընդգրկել հարցը հայտարարության տեքստում: «Հայտարարության տեքստում այս հարցը ներառելու մասով եղել են քննարկումներ, բայ ց մենք այժմ պետք է կարողանանաք պահպանել բանակցային գործընթացում Հայաստանի ձեռ ք բերած հաջողությունները, չպետք է մոռանալ բանակցային գործընթացի մասին: Քննարկումներ այս հարցով դեռ կլինեն»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ եթե հայտարրության մեջ չի ներառվում ԼՂՀ-ն ճանաչելու կետը, ապա անիմաստ է նաև հայտարարության 3-րդ կետը: Նշենք, որ հայտարարության 3-րդ կետը հետևյալն է.«Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:





