Ուզում ենք ցույց տալ աշխարհին, որ մեր հայ զինվորները կարողանում են ժպտալ ու ծիծաղել, ու ոչ ոք չի խանգարի դա անել: PanARMENIAN.Net-ի թղթակցին այսպես մեկնաբանեց Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի նախագահ, լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանը Աբովյան պուրակում այսօր` ժամը 18.00-ին բացվող «Smiling soldiers» (թարգ.` «Ժպտացող զինվորներ», – խմբ.) սթրիթ-արտի գլխավոր նպատակը:
«Ուզում ենք, որ չմտածեն, թե բոլոր հայ զինվորները դեպրեսիվ են, ու դրա հետևանքով ինքնասպան են լինում, քանի որ դա այդպես չէ», – ասաց Պողոսյանը:
Ալբերտ Պողոսյանը ցուցահանդեսի համար արված զինծառայողների 35 լուսանկարներից ընտրել է լավագույն 20-ը, որոնք A0 չափսով այսօր կփակցվեն նախ Աբովյան պուրակում, այնուհետև` Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածնի եկեղեցին շրջապատող մետաղյա թիթեղներին:
Ի դեպ, ցուցահանդեսը կազմակերպվում է «Inside out» նախագծի հետ համատեղ, որը TED-ից ստացած գլխավոր դրամաշնորհի մի մասը տրամադրել է լուսանկարների տպագրությանը:
«Մեր գլխավոր նպատակը եղել է էմոցիա փոխանցելը, այդ իսկ պատճառով հատուկ լուսանկարների որակի վրա ուշադրություն չենք դարձրել: Գլխավոր շեշտն արել ենք էմոցիայի վրա», – եզրափակեց լուսանկարիչը:





