AM
6 Սեպտեմբեր 2012 - 13:09 AMT

Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Սաֆարովի արտահանձման հարցը

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Դեն Բարթոնին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջև գտնվում են բարձր մակարդակի վրա և Հայաստանն ու ԱՄՆ ամուր գործընկերային հարաբերություններ են ծավալում թե երկկողմ, թե բազմակողմ հարթություններում:

ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են խորացնել, ընդլայնել և առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ հետ` մասնավորապես անվտանգության, առևտրատնտեսական և կրթամշակութային ոլորտներում: Կարևորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի ու ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի անդամները ջանք չեն խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները:

Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված փաստին` ԱԺ նախագահը նշեց, որ Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են ինչպես միջազգային կոնվենցիաներին, այնպես էլ բոլոր բարոյական նորմերին, և զգալի հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության, փոխվստահության հաստատմանն ուղղված ջանքերին և բանակցային գործընթացին:

ԱՄՆ կոնգրեսականը նշեց, որ ԱՄՆ մեծ կարևորություն է տալիս էլ ավելի զարգացնելու և խորացնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով: Պարոն Բարթոնը շեշտեց միջխորհրդարանական կապերի ակտիվացման կարևորությունը` առաջարկելով ակտիվացնել պատգամավորների շփումները տարբեր ձևաչափերով: Նա կարևոր համարեց փոխայցերի աշխուժացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը: Անդրադառնալով վերջին իրադարձություններին` ԱՄՆ կոնգրեսականը դատապարտեց Հունգարիայի և Ադրբեջանի աննախադեպ արարքը և պատրաստակամություն հայտնեց վերադառնալուն պես ՀՀ ԱԺ հայտարարությունը հրապարակել ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա նիստում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: