AM
25 Փետրվար 2005 - 15:43 AMT

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ, ՈՐՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպան Հասան Ալ Ռասլանի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են, մասնավորապես, հայ-սիրիական համագործակցության բավարար մակարդակը գյուղատնտեսության, գիտության, կրթության, ինչպես նաեւ մշակույթի ոլորտներում: Անդրանիկ Մարգարյանը եւ Հասան Ալ Ռասլանը կարեւորել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստերի կանոնավոր անցկացումը: Վարչապետը համոզվածություն է հայտնել, որ հանձնաժողովի 2004 թ. Երեւանում կայացած երրորդ նիստի որոշումների իրագործումը էապես կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը մի շարք ոլորտներում: Հրաժեշտից առաջ Անդրանիկ Մարգարյանը մեր երկրում Սիրիայի դեսպանին ցանկացել է հաջողություններ հետագա աշխատանքում` հույս հայտնելով, որ ի դեմս Հասան Ալ Ռասլանի Հայաստանը եւս մեկ բարեկամ կունենա արտերկրում: