AM
10 Սեպտեմբեր 2012 - 11:45 AMT

Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ

Շնորհավորելով Հայաստանի Շախմատի հավաքականին համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է միջոցառումներ կազմակերպել` շախմատիստներին դիմավորելու համար: Այս մասին PanARMENIAN.Net-ին փոխանցում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարությամբ շարունակվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ Ծիծեռնակաբերդի տարածքում արդեն իսկ ոռոգվել է շուրջ 40 հեկտար տարածք:

Քամիների ժամանակ ծառերի տապալման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել սանիտարական էտման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաև տապալման վտանգ ներկայացնող ծառերը փոխարինել նորերով:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը, նախորդ շաբաթ կայացել է 5 երթուղիների մրցույթ: Զեկուցվել է նաև, որ մինչև 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտը մայրաքաղաքում նկատելիորեն կնվազի միկրոավտոբուսների քանակը` դրանց փոխարեն շահագործման հանձնելով ներկրված և ներկրվող ավտոբուսները: Զեկուցվել է նաև, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` արգելելու համար չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով:

2012 թվականի ծրագրերով նախատեսված ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքների վերաբերյալ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ խիստ հսկողություն է իրականացվում փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմանորոգման և փոսալցման աշխատանքների որակի և իրականացման ժամկետների նկատմամբ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանք տանել կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքների ուղղությամբ և ծրագիրն ամբողջությամբ ավարտել` ապահովելով անվտանգ ու հարմարավետ երթևեկ: Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են բազմաբնակարն շենքերի պատերին և հենասյուներին անհայտ անձանց և կազմակերպութունների կողմից փակցված հայատարարությունների մաքրման աշխատանքները: Բացի այդ, նախորդ շաբաթվա ընթացքում տեղադրվել է հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների երկրորդ խմբաքանակը: Նախորդ շաբաթ իրականացվել է նաև մայրաքաղաքում առկա հին ու ոչ պիտանի մի շարք գովազդների ապամոնտաժում:

Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու բազմաբնակարան բնակելի շենքերում առնետների ոչնչացման ուղղությամբ` օգտագոծելով նոր դեզամիջոցներ: Այդ ուղղությամբ առողջապահության վարչության աշխատակիցները ՀՀ ԱՆ հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել համապատասխան ծառայություններ մատուցող ընկերություններ` արտոնագրերի, ինչպես նաև գրավչանյութերի պատրաստման և պահպանման մեթոդներին ծանոթանալու նպատակով: Զուգահեռաբար համատիրությունների հետ համատեղ ուսումնասիրություններ են կատարվել նաև վարչական շրջանների մի շարք բազմաբնակարան շենքերում` համապատասխան ընկերության հետ պայմանագրերի առկայությունը ճշտելու նպատակով: