Մարտի 3-4 Հայաստան կայցելի ԵԱՀԿ եւ ԵԽ համատեղ փորձգիտական խումբը սահմանադրական եւ ընտրական բարեփոխումների հարցերը ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Սլովենիայի արտգործնախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Դմիտրի Ռուպելը Ավստրիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ: Դ.Ռուպելը բարձր է գնահատել հայկական խորհրդարանի դերը ԵԽԽՎ առջեւ պարտավորությունների կատարման գործում եւ հույս է հայտնել, որ սահմանադրական եւ ընտրական բարեփոխումները կանցկացվեն եվրոպական չափանիշներին համապատասխան: Իր հերթին, ՀՀ ԱԺ խոսնակը նկատել է, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում եվրաինտեգրման գործընթացներին եւ ղարաբաղյան հակամարտության լուծմանը ԵԱՀԿ շրջանակներում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ է ուսումնասիրել խնդիրը եւ լավագույնս է տիրապետում տեղեկատվությանը: Նշվել է, որ արդեն 10 տարի է, ինչ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, եւ Հայաստանը դիտարկում է հակամարտության լուծումը բանակցությունների միջոցով ձեռք բերված խաղաղության եւ կայունության պայմաններում:





