AM
11 Սեպտեմբեր 2012 - 08:45 AMT

Բողոքի ցույց է տեղի ունեցել Նյու Յորքում Հունգարիայի հյուպատոսության դիմաց

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչությունը՝ Հայաստանի ժամանակով՝ այս գիշեր Նյու Յորքում Հունգարիայի հյուպատոսության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել: Բողոքի ցույցին մասնակցել են Հայ-ամերիկյան քաղաքական կոալիցիան, հոգևոր, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունները:

Ցույցի մասնակիցները հանդես են եկել Հունգարիայի որոշումը դատապարտող ցուցապաստառներով և վանկարկումներով:

Ներկաները՝ հոգևորականներ, հասարակական, երիտասարդական տարբեր կառույցներ ներկայացնող Ամերիկայի հայազգի քաղաքացիներ, հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: