AM
11 Սեպտեմբեր 2012 - 10:18 AMT

Հայաստանը հուսով է, որ ՀԱՀ հետ համագործակցության առումով առաջընթաց կարձանագրվի

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների և դեսպան Մաթհաբաթհայի համատեղ ջանքերի շնորհիվ առաջընթաց կարձանագրվի երկկողմ համագործակցության ամրապնդման ու խորացման գործում:

Դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան նշել է, որ կանի ամեն հնարավորը իր պաշտոնավարման տարիներն արդյունավետ օգտագործելու և Հայաստանի ու Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջև փոխգործակցության զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունենալու համար:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային խնդիրներին: