Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների գործողությունները, որոնք ազատ են արձակել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին: «Եթե մարդը կացինով հանցագործություն է կատարել, ապա նման բանը երբեք չի կարող որակավորվել որպես հերոսություն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Ասելբորնի խոսքով, իրենք Եվրամիությունում շատ մտահոգված են Սաֆարովի արտահանձնումով և նրան ներում շնորհելով: Նա նշել է, որ իր անունից մտադիր է ուղերձ հղել Հունգարիայի ԱԳՆ ղեկավարին, որում կհայտնի իր մտահոգությունը տվյալ փաստով և հայկական կողմի դիրքորոշումը:
Միաժամանակ Ասելբորնը նշել է, որ Կիպրոսում հանդիպման ժամանակ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առիթով և նշել, որ Հունգարիան չէր ցանկանում ցավ պատճառել Հայաստանին: Նրա խոսքով, նա ցանկանում է Հայաստանին հայտնել հունգարացի գործընկերոջ այդ կոչը:





