Ռամիլ Սաֆարովն իրեն հերոս չի զգում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը: «Ես ուսումնասիրել եմ այդ ադրբեջանցի մարդասպանի վարքագիծը արտահանձնվելուց անմիջապես հետո: Բաքվում հայտնվելու առաջին րոպեներին կատարված լուսանկարներում հստակ երևում է, որ Սաֆարովն անհանգստություն է զգում: Նրա լարված ստորին կոպերը, ունքերն ու բերանը վախ ու անհանգստություն են արտահայտում, մինչդեռ ժողովուրդը նրան դիմավորում է որպես հերոսի: Բացի այդ, ես համեմատել եմ Սաֆարովի պահվածքն ու դիմախաղը ջրացատկի ռուսաստանյան արծաթե օլիմպիական մեդալակիր Եվգենի Կուզնեցովի վարքագծի հետ, երբ նրան դիմավորում էին Ռուսաստանում: Նրա դեմքի արտահայտությունը, քայլվածքը արտահայտում էին նրա ուրախությունն ու հպարտությունը»,- ասաց նա:
Սպարտակ Պետրոսյանը հավելեց, որ Սաֆարովի դեմքը այն ժամանակ, երբ նրա գործով դատավարությունը դեռևս ավարտված չէր, վախ ու մտահոգություն չէին արտահայտում: «Իսկ Բաքվի օդանավակայանում, երբ նա պիտի ազատ արձակվելու բերկրանքն ու հպարտությունն ապրեր իր ժողովրդի կողմից հերոս ճանաչվելու համար, նրա դեմքին միայն վախ ու տագնապ ենք տեսնում: Թվում է` նա ինչ-որ իրական վտանգից է վախենում, կարծես այլևս իրեն ապահով չի զգում»,- ընդգծեց նա` հավելելով, որ այդ ժամանակ միջազգային հանրության քննադատությունն Ադրբեջանի հասցեին դեռևս չէր ուղղվել, ուստի դա ամոթ կամ ընկճվածություն չի կարող լինել այդ քննադատությունից:





