AM
12 Սեպտեմբեր 2012 - 11:01 AMT

Գիտության պետական կոմիտեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ կտրամադրի 100 հայ գիտնականների

2012թ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն ֆինանսավորել է 10 ծրագիր: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը: «Կոմիտեն Հայ-ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացված «ԳՊԿ-ԳՀԱԿ-2011» մրցույթի արդյունքում ֆինանսավորել է 6 ծրագիր: Եվս 4 ծրագիր ֆինանսավորվել է ռուսաստանյան հումանիտար գիտությունների հիմնադրամի հետ համաֆինանսավորման սկզբունքով անցկացվող գիտական հետազոտական ծրագրերի աջակցության «ԳՊԿ-ԳՀԱԿ-2012» մրցույթի արդյունքում»,- նշեց նա:

Հարությունյանը հաղորդեց, որ հայտարարվել և կազմակերպվել են Հայ-ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2013» միջազգային մրցույթը, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում անցկացվող գիտական ծրագրերի մրցույթը:

Գիտպետկոմի նախագահը տեղեկացրեց, որ կոմիտեն մինչև տարեվերջ նախատեսում է անցկացնել երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթ, այդ թվում` ասպիրանտների անհատական աջակցություն: «Կանցկացվեն նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական թեմաների մրցույթ, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների նախագծերի մրցույթ և միջազգային մրցույթներ»,- ասաց նա` հավելելով, որ կոմիտեն մտադիր է անցկացնել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարների տրամադրման մրցույթ, որի արդյունքում ընտրված 100 գիտնականներ կստանան լրացուցիչ ֆինանսական միջոցներ: