Հայաստանի գիտական ոլորտի իրավական դաշտը կատարելագործվել է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա հաղորդեց, որ ՀՀ կառավարության 24.05.2012 N 20 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման 2012-2013թթ. միջոցառումների ծրագրին և դրա արդիականացման ժամանակացույցին, իսկ 12.01.2012 N 1 որոշմամբ` Հայագիտության զարգացման հայեցակարգին, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025թթ. ռազմավարությանը և դրա արդիականացման միջոցառումների ժամանակացույցին:
Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը վերաբերում է ՀՀ-ում գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքներին և չափանիշներին:
Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ «Քենդլ» սինխրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ հիմնադրելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ Քենդլի գործունեությունը համակարգելու համար լիազոր մարմին է նշանակվել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն, ինչպես նաև հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը:





