ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունեց Լեհաստանի Վելիկոպոլսկայի վոյեվոդության մարշալ Մարկ Վոզնյակի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում է ՏԿՆ լրատվական ծառայությունը, Լեհաստանցի հյուրերի այցի նպատակը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև Շիրակի մարզի հետ փոխգործակցության հարցերի քննարկումն է:
Մ. Վոզնյակը տեղեկացրեց, որ որպես Լեհաստանի խոշոր վոյեվոդության ղեկավարը հետաքրքրված է Հայաստանի մարզերի հետ համագործակցությամբ եւ հույս հայտնեց, որ Շիրակի մարզում գործընկերների հետ քննարկումներն արդյունավետ կլինեն: Մ. Վոզնյակը նաեւ ԵՄ ինքնակառավարման պաշտոնական ներկայացուցչության` Եվրամիության տարածաշրջանների կոմիտեի փոխնախագահն է: Անդրադառնալով ԵՄ կառույցներում գործակցության հարցերին` նա տեղեկացրեց, որ կոմիտեի շրջանակում մշտապես գործում է տարածաշրջանների կոմիտեի անդամներից եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների ներկայացուցիչներից կազմված խումբ, որը կոնկրետ ծրագրեր առաջարկելու ու իրականացնելու լավ հարթակ կարող է լինել: Նա նաեւ նշեց, որ որպես Արեւելյան գործընկերության նախաձեռնող երկիր` Լեհաստանը հետաքրքրված է մասնակից երկրների եւ, հատկապես, Հայաստանի հաջողությամբ:
Վ. Տերտերյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության համար` նշելով, որ Լեհաստանի փորձն անշուշտ օգտակար է Հայաստանում իրականացվող ՏԻ բարեփոխումների համար: Նա հյուրի խնդրանքով տեղեկություններ ներկայացրեց ՏԻ համակարգի, դրա զարգացման հեռանկարների, իրականացվող աշխատանքների մասին: Նշվեց, որ ոլորտի հեռանկարային զարգացման տեսանկյունից կարեւորվում է համայնքների խոշորացումը, եւ արդեն մշակվել է համապատասխան հայեցակարգ` հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը:





