AM
12 Սեպտեմբեր 2012 - 14:28 AMT

Վիկտոր Սողոմոնյան. Ռուբեն Հայրապետյանին այսօր չեն բշտում, թերևս, միայն կուսակիցներն ու ալարկոտները

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ: Պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասկանար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին) և հանդես գար համապատասխան բացատրություններով: Ցավոք, դա տեղի չունեցավ:

Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում, թերևս, միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը` ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:

Հ.Գ.. Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»: