AM
12 Սեպտեմբեր 2012 - 14:30 AMT

ԵԽԽՎ նիստում Հայաստանը կբարձրացնի Սաֆարովի արտահանձնման և ներման հարցը

Հոկտեմբերի 1-5-ը կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը կբարձրացնի Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից ներման հարցը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը չմանրամասնեց ձեռնարկելիք քայլերը, բայց ասաց, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի կողմից բոլոր պատվիրակները հանդես կգան ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու և ներում շնորհելու հետ կապված հայտարարություններով, հավելեց նաև, որ, այնուամենայնիվ, հայկական կողմը մեծ ակնկալիքներ չունի:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը մի քանի օր առաջ ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդեն քվեարկության է դրել Վեհաժողովի լիագումար նիստում ադրբեջանա-հունգարական այս ամոթալի գործարքը քննարկելու հարցը: Հայ պատգամավորի այս առաջարկությունն ընդունվել է 20 կողմ և 7 դեմ ձայնով: Դեմ են քվեարկել թուրք և ադրբեջանցի պատվիրակները, նաև ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահը: Հունգարիայի պատվիրակը նիստին առհասարակ չի մասնակցել: