Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի փողոցի 8 շենքի 53 բնակարանի բնակիչ Լյովա Թերշիբաշյանի բնակարանի գազամատակարարումը պարտքի պատճառով շուրջ երկու ամիս դադարեցվել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից:
Քաղաքից երեք ամիս բացակայելուց հետո Թերշիբաշյանը վերադարձել էր և պարզել, որ իր բնակարանի գազամատակարարումը դադարեցվել է 280 դրամ պարտքի պատճառով: Սակայն պարտքը վճարելուց հետո թաղամասը սպասարկող տեսուչը պահանջել է գազամատակարարումը վերականգնելու համար վճարել մեկ տարվա սպասարկման ծառայության կանխավճարը` 4800 դրամի չափով: Թերշիբաշյանը դիմել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ Արաբկիրի մասնաճյուղ, որտեղից նրան պատասխանել են, որ «գազամատակարարման վերականգնման համար պարտադիր է կանխավճարի գանձումը»: Սակայն, երբ քաղաքացին վճարել է նաև մեկ տարվա սպասարկման ծառայության կանխավճարը, նրան տեղեկացրել են, որ կարձագանքեն 10 օրվա ընթացքում: «Ես ո՞նց վարվեմ. 10 օր առանց գազ ապրե՞լ կլինի: Ինչո՞ւ են արհեստական դժվարություններ ստեղծում: Ինչո՞վ է հիմնավորված կանխավճարի մուծման պարտադրանքը»,- ասել է նա «Ժողովուրդ»-ի թղթակցին:
Քաշքշուկներից հոգնած բնակիչը դիմել է «Ժողովուրդ» թերթի օգնությանը: Վերջինս հարցերը փոխանցել էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` հետաքրքրվելով, թե, առհասարակ, ինչ սկզբունքով է իրականացվում բաժանորդի գազամատակարարման դադարեցումը և ապա` վերականգնումը: Ի պատասխան ըներությունը հայտնել էր, որ այդ գործընթացների կանոնները սահմանել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և հավելել, որ Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման գրասենյակից տեղեկացրել են, որ նշված բաժանորդի գազամատակարարումը վերականգնված է:
Փաստորեն, գրում է թերթը, գլխացավանքից ազատվելու համար ընկերությունը գերադասել էր միացնել բաժանորդի գազամատակարարումը, ինչը հաստատեց նաև Թերշիբաշյանը:





