AM
13 Սեպտեմբեր 2012 - 07:26 AMT

Սլովակիայի Ազգային կուսակցությունը վրդովված է Սաֆարովին արտահանձնելու Հունգարիայի որոշմամբ

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից հայտնում են Սլովակիայի ամենահայտնի ազգայնական կուսակցության նախագահ Յան Սլոտայի նամակն` ուղղված ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանին, որում հայտնվում է Սլովակիայի Ազգային կուսակցության խորը վրդովմունքը Հունգարիայի կառավարության կատարած քայլի և ընդհանրապես տեղի ունեցածի վերաբերյալ:

Նամակում մասնավորապես ասվում է. «Սլովակիայի Ազգային կուսակցության անունից թույլ տվեք խորին ափսոսանք և վրդովմունք հայտնել Հունգարիայի կառավարության` Հայաստանի զինվորական սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի հանցագործին արտահանձնելու որոշման կապակցությամբ: Այս ցավալի քայլը հակասում է բոլոր միջազգային և իրավական պարտավորություններին:

Նման արարքն անթույլատրելի է նույնիսկ քրիստոնեության տեսանկյունից, որի արժեքների պահպանմանը մենք հակված ենք ճիշտ այնպես, ինչպես հայ ժողովուրդը: Սպանությունն ու հանցագործի արտահանձնումը կարող են պատճառ հանդիսանալ միջմշակութային և միջկրոնական տարաձայնությունների ուժեղացմանը և աջակցեն իսլամ ծայրահեղականներին: Այս կապակցությամբ ակնառու է հունգարական կառավարության խայտառակ երեսպաշտությունը, որը մի կողմից ելույթ է ունենում քրիստոնեական քաղաքակրթությանը հակվածության շուրջ և, մյուս կողմից, կատարում է մեր հայ քրիստոնյա եղբայրների նկատմամբ աղաղակող թշնամական արարք»: