AM
13 Սեպտեմբեր 2012 - 07:36 AMT

ԵՄ պատվիրակությունը միանում է է շրջակա միջավայրի մաքրման՝ «Մենք կարող ենք» միջոցառմանը

Այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, Հայաստանում անցկացվելու է «Մենք կարող» ենք շրջակա միջավայրի մաքրման միջոցառումը: Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ԵՄ պատվիրակությունը ևս մասնակցելու է շրջակա միջավայրի մաքրման՝ «Մենք կարող ենք» միջոցառմանը:

ԵՄ պատվիրակության տասներկու աշխատակիցներ և նրանց եռեխաները միանում են այս նախաձեռնությանը: Նրանք ցանկանում են մաքրել Պատվիրակության հարակից Ֆրիկ փողոցը և տեսակավորել հավաքված աղբը:

Պատվիրակությունն ուրախ է իր համեստ ներդրումը կատարել ավելի մաքուր Հայաստան ունենալու հարցում: Շրջակա միջավայրի պահպանումը գերակա քաղաքականություն է Եվրամիության համար:

Հիշեցնենք, որ համաշխարհային շարժման հիմքում է ընկած 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ համաէստոնական աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումը օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար (Լատվիա` ավելի քան 60 000 մարդ, Լիտվա` ավելի քան 110 000 մարդ, Սլովենիա` ավելի քան 246 000 մարդ մասնակցել է նմանատիպ միջոցառումների): Արդեն իսկ հարյուրավոր հեղինակավոր կազմակերպություններ միացել են շարժմանը և միլիոնավոր կամավորների օգնությամբ մաքրելու են իրենց երկիրը աղբից: 2012թ. Հայաստանը նույնպես միացել է այս էկոլոգիական շարժմանը: Հայաստանում «Մենք կարող ենք» շարժման պաշտոնական ներկայացուցիչն է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն: