Սեպտեմբերի 14-ին Հայոց ցեղասպանության թանգարանում կբացվի ժամանակավոր Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին նվիրված ցուցադրություն, հայտնում է թանգարանի մամլո ծառայությունը:
Ցուցադրության մեջ ներկայացված են Զմյուռնիայի հայերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, փոստային բացիկներ, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հավաքածուի մաս կազմող բնօրինակ լուսանկարներ, թերթեր, որոնք ներկայացնում են քեմալականների կողմից 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը և կոտորածները, որոնց զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր և հույներ:
Ժամանակավոր ցուցադրությունից հետո Կոմիտասի անվան սրահում տեղի կունենա գիտական նիստ նվիրված Զմյուռնիայի աղետին: Զեկույցներով հանդես կգան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, Վերժինե Սվազլյանը, ՀՑԹԻ գիտաշխատողներ Թեհմինե Մարտոյանը և Գևորգ Վարդանյանը:





