AM
14 Սեպտեմբեր 2012 - 08:51 AMT

Փորձագետ. Արևմտյան Հայաստանում հյուսիսի և հարավի միջև ակնհայտ տարբերություններ կան

Արևմտյան Հայաստանում հյուսիսի և հարավի միջև ակնհայտ տարբերություններ կան: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը` խոսելով Արևմտյան Հայաստան կատարած այցելության մասին: «Ես եղա Արևմտյան Հայաստանի 15 քաղաքներում և շուրջ 250 գյուղերում: Հյուսիսային և հարավային բնակավայրերի միջև մի շարք տարբերություններ կան պայմանավորված սոցիալ-քաղաքական և մշակութային իրադրությամբ: Հյուսիսում` Կարս-Էրզրում գծի վրա գտնվող բնակավայրերը հիմնականում թուրքական վերահսկողության տակ են: Գյուղերը փոքր են, բնակչությունը` նոսր, հյուսիսային շրջանների բնակչությունը գլխավորապես կենտրոնացած է քաղաքներում:

Տնտեսությունը հիմնված է անասնապահության վրա, որը քոչվոր ցեղերին է հատուկ»,- նշեց նա` հավելելով, որ գրեթե բոլոր բնակավայրերում կան մզկիթներ և մինարեթներ. կրոնը գերակա դեր է խաղում բնակչության կյանքում:

Մինչդեռ հարավում` Վան-Մուշ առանցքի վրա գտնվող բնակավայրերում, Սարոյանի խոսքով, վերահսկողությունը հիմնականում քրդերի ձեռքում է, և թուրքական իշխանությունն ավելի շատ պայմանական բնույթ է կրում: «Թուրքերը լիովին չեն վերահսկում իրավիճակը, գերիշխում են քուրդ ղեկավարները: Գյուղերն ավելի խոշոր են, տները` մեծ, հարմարեցված բազմազավակ ընտանիքների համար: Զարգացած է հողագործությունը, բանջարաբուծությունը, այգեգործությունը, որը նստակյաց կյանքին է բնորոշ: Մինարեթներն ու մզկիթները հաճախ չեն հանդիպում գյուղերում: Այն բնակավայրերում, որտեղ քրդերը շատ են, կան ռազմակայաններ և շատ են զինված մարտիկները, որ ամեն վայրկյան պատրաստ են վերահսկել իրադրությունը»,- պատմեց փորձագետը: