AM
14 Սեպտեմբեր 2012 - 09:03 AMT

Սարո Սարոյան. Արևմտյան Հայաստանում հայերի մեծամասնությունը կոծկված են

Արևմտյան Հայաստանում հայերի մեծամասնությունը կոծկված են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը: «Նրանց գզալի մասն անգամ չի խոստովանում իր ծագումը: Արևմտահայերը հիմնականում իսլամադավան են, խոսում են թուրքերեն և քրդերեն»,- նշեց նա:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Արևմտյան Հայաստանում գործում են հայ համայնքներ, Սարոյանը հաղորդեց, որ հայկական համայնք` որպես այդպիսի կառույց, չի գործում, սակայն հայերի մի մասը` հատկապես Մուշում և Սասունում, համախմբվելու միտում ունի: «Որոշ հայաստանյան կազմակերպություններ փորձում են աջակցություն ցուցաբերել արևմտահայերին ինքնակազմակերպման, ազգային և մշակութային ինքնության պահպանման, համայնքի ձևավորման ուղին բռնելու գործում: Բայց և այնպես, այդ ուղղությամբ աշխատանքները դեռ երկար կտևեն»,- ասաց փորձագետը: