ՀՀ վարչական դատարանում այսօր կայացավ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գործով հերթական դատական նիստը:
Ընկերության ներկայացուցիչ Գևորգ Չաքմիշյանը նիստի ընթացքում պնդեց ընկերության հայցն ամբողջությամբ, որով պահանջվում էր «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության՝ ՊԵԿ-ի կողմից կազմված վերստուգման ակտն անվավեր ճանաչել ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ հենց այս վերստուգման ակտի հիման վրա էլ Նարեկ Հարությունյանի ու նրա երկու աշխակիցների դեմ հարուցվել էր քրեական գործ:
Նշելով ակտն անվավեր ճանաչելու հիմքերը՝ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Չաքմիշյանը նշեց, որ խախտվել են ակտի հանձնման ժամկետները, բացի դա նման ակտ կազմելու համար հիմք են ընդունել նաև «երրորդ անձանց» կողմից ստացված տեղեկությունները, որոնք, ըստ փաստաբանի, վստահելի չեն, քանի որ անհայտ է՝ ովքեր են նրանք, ինչ են ասել, ինչ պայմաններում են ասել, ինչ կերպ կամ ով է ստուգել երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իսկությունն ու արժանահավատութունը:
«Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության մյուս ներկայացուցիչը՝ Անի Թորոսյանը, դարձյալ հարցրեց, թե որոնք են եղել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կայացվել է վերստուգման ակտ: Սրան ի պատասխան պատասխանող կողմն ասաց, որ բոլոր փաստաթղթերն առկա են քրեական գործում, և դրանք հնարավոր չէ կցել վարչական գործին: «Արդյունքում ստացվում է՝ վարչական վարույթում գործեր չկան կցված….
Իսկ հնարավո՞ր չէր կազմել այնպիսի վերստուգման ակտ, որը թույլ կտար անընդհատ չվերադառնալ քրեական գործին: Կա՞ բնության մեջ այնպիսի նյութ, որը հնարավոր է քրեական գործից առանձնացնել և ընդհանրապես առանձին է քրգործից»,-պնդեց Ա. Թորոսյանը, ինչին ի պատասխան ՊԵկ ներկայացուցիչները կրկին նշեցին, որ բոլոր փաստաթղթերը գտնվում են քրեական գործում, և գործնականում դրանք դժվարանում են առանձնացնել: Դատական նիստը հետաձգվեց մինչև այս ամսվա 20-ը:





