«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Արցախի Հանրապետության քաղաքացի Բելլա Լալայանը պատմել է, որ իրենք արդեն տևական ժամանակ է, ինչ պայքարում են «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության անհամարժեք սակագների դեմ: Թերթի զրուցակիցն ասել է, որ իրենք Facebook-ում հանդես են եկել նախաձեռնությամբ, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ կանխել «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի սակագների աճը: «Անտանելի է «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի կապը, ու դրա հետ մեկտեղ ահավոր թանկ սակագներ են: Տարիներ առաջ մի խումբ երիտասարդներ այդ խնդրի հետ կապված բողոքի ակցիա էին կազմակերպել: Մենք չէինք կարողանում հանդիպել Ռալֆ Յիրիկյանի հետ, ոչ մի հարցադրում չէինք կարող անել: Բայց մոտ երկու տարի առաջ բողոքի ակցիայի արդյունքում եղավ այն, որ վարչապետը պահանջեց դադարեցնել ակցիան, բայց միայն այն պայմանով, որ Ռալֆ Յիրիկյանը կգա, և մենք մեր խնդիրները կներկայացնենք: Ինքը եկավ, խնդիրները ներկայացրեցինք, որոշակի փոփոխություններ եղան: Նշեմ, որ ակցիայի կազմակերպիչները հիմնականում բողոքում էին ինտերնետի որակից, հիմա դրա որակը քիչ թե շատ լավացել է, բայց պայմանագրում կան այնպիսի կետեր, որոնք ընդհանրապես չեն կատարում, օրինակ` սակագնի թանկության հետ կապված»,- ասել է Բելլա Լալայանը:





