Այս տարվա հացահատիկի բերքի սակավությունը, ըստ խորհրդատուների, կապված էր ոչ թե Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասից ներկրված ցորենի սերմի ցածրորակ լինելու հետ, այլ ցանքաշրջանառության բացակայության, որոշ դեպքերում` ցանցի ժամկետների խախտման և, իհարկե, գարնան եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների: Ինչպես գրում է «168 ժամ» թերթը, օրերս Արագածոտնի` Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ այս եզրահանգմանն են եկել տարածաշրջանի խորհրդատուները: Թալինի տարածաշրջանի խորհրդատու Սոս Հարոյանը խորհրդակցության ընթացքում օրինակներ է բերել, որ նույն ցորենի սորտը մի քանի ֆերմերների մոտ գերազանց արդյունք է ապահովել, քանի որ նրանք պատշաճորեն են կատարել ագրոտեխնիկական միջոցառումները:
Արագածի տարաշաշրջանի խորհրդատու Արամ Ղազարյանը նույնպես այդ կարծիքին էր: Նրա խոսքով` համայնքի այն ֆերմերը, ով ժամանակին է կատարել բոլոր ագրոտեխնիկական միջոցառումները, ստացել է բավականին բարձր բերք` ի տարբերություն ագրոտեխնիկա չկիրառած ֆերմերների:
Թերթը նշում է, որ թեպետ գարնան սկզբից հացահատիկի բերքի վատ լինելու մասին խոսակցություններ էին շրջանառվում, Գյուղնախարարությունը պնդում էր, որ ավելացված ցանքատարածությունների շնորհիվ հացահատիկի բերքի պակաս չի լինի: Թե հատկապես որտեղ և ինչ քանակությամբ ցանքատարածություններ էին ավելացվել, հայտնի չէ: Փոխարենն ակնհայտ է, որ հացահատիկի բերքի սակավություն, այնուամենայնիվ, կա:





