AM
18 Սեպտեմբեր 2012 - 10:02 AMT

Գյուղնախարարությունն ու «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլ»-ը կընդլայնեն համագործակցության ուղղությունները

Սեպտեմբերի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային հանդիպում ունեցա «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլ»կազմակերպության փոխնախագահ, ֆինանսական կառավարիչ Ռոբերտ Բլումի և ՀՀ-ում գրասենյակի տնօրեն Ա. Ղազանչյանի հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Նախարարն ողջունելով հյուրերին` բարձր գնահատեց մինչ օրս կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի արդյունավետությունը և համոզմունք հայտնեց, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

«Մենք զարգացման մեծ հեռանկարներ ունենք, և Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար: Վերջին տարիների ընթացքում պետությունն առավել մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության զարգացմանը: Բոլոր ուղղություններով մեծ ներդրումներ են իրականացվում և պետության կողմից պատշաճ աջակցություն է ցուցաբերվում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը:Համաշխարհային բանկի հետ համատեղ «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլ»-ի համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող արոտավայրերի բարելավման և կառավարման ծրագիրը թերևս լավագույններից է, որը նպատակ ունի նվազեցնել աղքատության մակարդակը հանրապետության բարձր լեռնային բնակավայրերում և ընդլայնել կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները»,- նշեց նա:

Պրն. Բլումը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, տեղեկացրեց, որ լինելով ծրագրում ընդգրկված մի շարք համայնքներում, տպավորված է աշխատանքների ընթացքով և արդյունավետ գնահատեց դրանց իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի երկրորդ փուլին առնչվող հարցեր, մասնավորապես շոշափվեց համայնքների թվի ավելացման խնդիրը, որին պարոն Բլումը դրականորեն արձագանքեց:

Համագործակցության ուղղությունների ընդլայնման համար նախարարն առաջարկեց ուսումնասիրել ՀՀ-ում գյուղացիական կոոպերատիվների ստեղծման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների բացօթյա տոնավաճառների ավելացմանն աջակցելու հնարավորությունները:

Պրն. Բլումը պատրաստակամություն հայտնեց մանրամասն ուսումնասիրել ներկայացված առաջարկները և տեղեկացնել ընդունված որոշումների մասին: