Մայրաքաղաքում մաքրություն ապահովելու, ինչպես նաև պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների ու հայտարարությունների տարածման անընդունելի ձևերից խուսափելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բանուկ հատվածներում շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետն ընդգծել է, որ նման ցուցատախտակների տեղադրումը ծառայում է իր նպատակին և հանձնարարել է է ավելացնել դրանց քանակը:
Անդրադառնալով հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ շարունակվող ամենօրյա հսկողությանը, քաղաքապետը հանձնարարել է ինչպես քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողություն: Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել երթուղի դուրս բերվող մեքենաքանակին և խստորեն վերահսկել, որպեսզի հասարակական տրանսպորտը կանգառ կատարի միայն նախատեսված կանգառագոտիներում: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է մայրաքաղաքի կանգառագոտիներում եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման պիլոտային ծրագիրը, համաձայն որի առաջիկայում մայրաքաղաքի բնակիչները կանգառներում հնարավորություն կստանան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին:
Մայրաքաղաքի շինբարեկարգման գծով տարեկան ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ` ընթացքի մեջ է նաև մայրաքաղաքի փողոցների մաշված բետոնային և բազալտե եզրաքարերը նորերով փոխարինելու գործընթացը: Զեկուցվել է նաև, որ այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 7 նոր անցումներից 5-ն արդեն շահագործվում է և ապահովված է գիշերային լուսավորությամբ: Քաղաքապետը հանձնարարել է էլեկտրական սնուցման հաղորդալարերի անցկացումն ապահովել բացառապես ստորգետնյա եղանակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հավանությանն արժանացած արձանների հանդիսավոր բացման արարողությունները կազմակերպել Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակում:
Հանձնարարվել է նաև ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ ապահովել մայրաքաղաքի տոնական տեսքը:





